Հայաստանի պես երկրներում, որտեղ սահմանադրական կարգ հաստատելու խնդիր կա, այս պայմաններում ի՞նչ է նշանակում կուսակցական գործունեություն։ Այս հարցադրումը «Մեդիա» կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 1-ին, հնչեցրել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով «Կուսակցությունների մասին» օրենքի խնդրահարույց դրույթներին։
«Հայաստանի պես երկրներում, որտեղ սահմանադրական կարգ հաստատելու խնդիր կա, այս պայմաններում ի՞նչ է նշանակում կուսակցական գործունեություն։ Կուսակցական կյանքը կապված է ազատ ընտրությունների հետ։ Եթե ազատ ընտրություններ չկան, ուրեմն դրանց գոյությունը կասկածելի է։ Այս օրենքում էլ կտեսնեք, որ որեւէ պահանջ չկա՝ ինչ ուղղվածություն ունի եւ ինչ շերտեր է ներկայացվելու կուսակցությունը։ Պարզ չեն գաղափարական ուղղվածությունները, ծրագրերը։ Բոլոր իրավունքները տրվում են ինչ-որ քաղաքացիներ, որ նրանք կարող են գրանցվել ու ստանալ կուսակցական կնիք ու ստանում բոլոր իրավունքները ուրիշների կյանքը տնօրինելու, բայց թե որն է պատասխանատվությունը, այ էստեղից է սկսվում հարցը»,-ասել է Մանվել Սարգսյանը։
Ըստ Մանվել Սարգսյանի՝ եթե այս երկրում բոլոր կուսակցականները ընդունում են, որ գոյություն չունեն ազատ ընտրություններ, այս կուսակցությունների գործառույթները պարզ չեն։
«Եթե չկան ազատ ընտրություններ, պիտի լուծարվեն կուսակցությունները ու պահանջեն հիմնական պայմանը, որ լինեն ընտրություններ։ Մարդիկ ներկայացնեն ծրագրերը եւ ընտրվեն։ Սնկի պես աճում են մարդ կուսակցությունները, ունեն կնիք ու 20 տարի իրեն կարող է ներկայացնել կուսակցության ղեկավար։ Այս հիմնական հարցերն են, որոնք պատասխաններ չունեն, եթե ունեն էլ, չկա պատասխան՝ ինչու է այս վիճակը տասնամյակներով գործում ու այս խնդիրները չեն բարձրաձայնում։ Օենքը թույլ է տալիս՝ ամեն ինչ եթե կուսակցության լիդերը խաբում է ժողովրդին եւ բոլորը գիտեն, դրա համար քրեական պատասխանատվություն կրում է, ոչ ինչու դա գրված չի, որ խաբելը կուսակցության ղեկավարի կողմից պետք է բերի լուծարման»,-ասել է Մանվել Սարգսյանը։




























