2017-ին գիտության բյուջեն, 2016-ի հետ համեմատ, կաճի 0.78 տոկոսով եւ կկազմի 14 մլրդ 253 մլն դրամ: Այս մասին լրագրողներին ասել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի փոխնաախագահ Վարդան Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, թե կմեծանա արդյոք գիտության ֆինանսավորումը Կառավարության ծրագրի նոր կետի ֆոնին, որը նախատեսում է մեծացնել կիրառական հետազոտությունների ֆինանսավորման ծավալները:
Նրա խոսքով՝ գիտության ֆինանսավորումը կանոնակարգվում է 2000-ին ընդունված օրենքով, որի համաձայն՝ գիտության բյուջեի մեծացումը տեղի է ունենում պետբյուջեի աճին համապատասխան: Փաստացի ՀՆԱ տոկոսներով գիտության ֆինանսավորման փոփոխություններ չեն նախատեսվում:
Վարդան Սահակյանը հիշեցրեց, որ վերջին 5 տարում գիտության պետական ֆինանսավորումը կազմել է ՀՆԱ 0.25-0.28 տոկոսը: Արտաբյուջետային միջոցների՝ դրամաշնորհներ եւ այլն հաշվարկով՝ 0.30-0.35 տոկոս:
Նշենք, որ 2010 թվականին ընդունված գիտության զարգացման ռազմավարության համաձայն՝ 2020-ին Հայաստանում գիտության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ 1-2 տոկոսը, ինչպես եվրոպական երկրներում, սակայն գիտության ֆինանսավորման ներկայիս ցուցանիշները վկայում են, որ այդ նպատակն անհասանելի է:
Վարդան Սահակյանը պարզաբանեց, որ այդ ռազմավարությունը բաժանված է 2 ծրագրի՝ յուրաքանչյուրը 5 տարով, եւ հիմա կազմվում է նոր ռազմավարություն 2016-2020 թվականների համար՝ հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման իրական տեմպերը:
«Եթե գիտության ֆինանսավորումը պահպանվի այն ծավալներով, ինչ այսօր, ապա ռազմավարության այդ կետն այսօր գրեթե անիրականանալի է: Բայց մենք մեծ հույս ենք կապում եւրոպական «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրի հետ, որով հայ գիտական խմբերը կարող են լավ ֆինանսավորում ստանալ»,- ասել է Սահակյանը եւ առաջարկեл այդ հարցին անդրադառնալ մեկ տարի անց, երբ «Հորիզոն 2020» ծրագրի դրամաշնորհների ծավալները հայտնի կլինեն։



























