Հայաստանում մեկ տարում պաշտպանվում է 600 դիսերտացիա՝ թեկնածուական եւ դոկտորական: Ընդ որում, Հայաստանում գիտության զարգացած ոլորտներում՝ քիմիայում, մաթեմատիկայում, ֆիզիկայում դիսերտացիաների թիվը շատ փոքր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանը:
Նրա խոսքով՝ դիսերտացիաների հիմնական մասը բաժին է ընկնում իրավագիտությանը, տնտեսագիտությանը, բժշկությանը եւ տեխնիկական գիտություններին: Մասնավորապես, տնտեսագիտության ոլորտում մեկ տարում Հայաստանում պաշտպանում են 120-130 դիսերտացիա: Իսկ նրանցից գիտությամբ զբաղվում է միայն 3 տոկոսը: Բնական գիտությունների ոլորտում պաշտպանողների մոտ 50-60 տոկոսը շարունակում է զբաղվել գիտությամբ:
Մեկնաբանելով Հայաստանում գիտական աստիճանները վերանայելու մասին ՀՀ կառավարության ծրագրի կետը՝ նա նշեց, որ Հայաստանում գիտական դիսերտացիաները լուրջ խնդր ունեն, քանի որ դրանց թիվը գերազանցում է Հայաստանում իրականացվող արդիական գիտական հետազոտությունների թվին: «Եվ մենք արդեն մի քանի տարի ասում ենք, որ այդ ոլորտը լուրջ վերափոխումների կարիք ունի»,- պարզաբանեց նա:
Դրա դեմ պայքարելու համար Գիտության պետական կոմիտեն դեռ 2011-ից հայեցակարգ է մշակել, որը, սակայն, չի ներկայացվել կառավարությանը: Այդ հայեցակարգի շատ դրույթներ այսօր արդիական են մնում: Վարդան Սահակյանի խոսքով՝ պլանավորվում է այն վերանայել եւ 2017-ի սեպտեմբերին ներկայացնել Կառավարությանը:
Այդ հայեցակարգի համաձայն՝ առաջարկվում է բարձրացնել գիտական աստիճաններ շնորհող հանձնաժողովների պատասխանատվությունը, վերանայել գիտական պարբերականների ցուցակը, որտեղ հրապարակումները կարելի է օգտագործել դիսերտացիաների համար, ինչպես նաեւ մի շարք փոփոխություններ կատարել, որոնք վերաբերում են ասպիրանտի կարգավիճակին: Վարդան Սահակյանի խոսքով՝ պահանջների խստացումը ավտոմատ կերպով կհանգեցնի պաշտպանվողների թվի կրճատմանը:
Հնարավոր է նաեւ, որ պետական պաշտոնյաներին պաշտոնավարման ժամանակ կարգելեն դիսերտացիաներ պաշտպանել, ինչպես դա արվում է շատ երկրներում:



























