Բյուջեով հատկացված միջոցների կրճատումն ազդելու է բոլոր ճանապարհների վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, եթե բյուջեում գումարները շատ լինեն, շատ կկառուցենք ու կհիմնանորոգենք»,-ասաց նա:

Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում չարաշահումներին եւ դրանց համար պատասխանատվությանը, նախարարն ընդգծեց. «Այդ հարցն առաջին անգամ չեք տալիս: Չարաշահումների համար պատասխան տալու համար պետք է գնահատել, թե այն ում կողմից է արվել: Միայն ես չպիտի գնահատեմ: Նախկին նախարարն իր գործն արել է եւ արել է բարեխիղճ: Եկեք, եթե դուք կոնկրետ հարց ունեք կոնկրետ դեմքի վերաբերյալ, ներկայացրեք: Թերացումը կգնահատվի: Արդյունավետության եւ թերացումների գնահատումը մեկ օրվա հարց չի, տարիների ընթացքում արվել է եւ դրական, եւ բացասական խնդիրներ եղել են, ես մեկ ամսում չեմ կարող պատասխանել այդ հարցին: Հիմա գնահատման մեխանիզմները մշակվում են»:

Վահան Մարտրոսյանը վստահություն հայտնեց, որ կաշխատեն գերակատարել իրենց պարտավորությունները՝ կախված բյուջետային հոսքերից: Նրա խոսքով, գոյություն ունեցող ծրագրերը վտանգի տակ չեն, ուղղակի քննարկում են նաեւ մասնավոր ներդրողների հետ, որ ճանապարհների շատ հատվածներ կարող են աշխատել մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում: