Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը մեկնաբանել է՝ ինչու է նախարար Լեւոն Ալթունյանը որոշել ընդունել մահացած 3 ծննդկանի հարազատներին:
«Ինչի՞ այդ երեքի հետ, որովհետեւ հենց այդ հարցն էր բարձրացվում լրագրողների կողմից: Կարծում եմ՝ իր վերադառնալուն պես նախարարը կարձագանքի եւ այդ հարցով կզբաղվի: Այն տարընթերցումը, կարծիքը, որ ձեւավորվեց այդ հարցազրույցից հետո, մի փոքր չի համապատասխանում իրականությանը: Մենք նախարարի հետ բազմաթիվ անգամներ խոսել ենք այս թեմայի շուրջ, յուրաքանչյուր մահվան դեպք մեզ համար արտառոց դեպք է, մենք չենք հոգնում դա կրկնել, դա ողբերգություն է, նախարարն ինքը կարձագանքի դրան»,- այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սերգեյ Խաչատրյանը:
Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան եւ հետծննդյան ժամանակահատվածում 2015թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է մայրական մահացության 6 դեպք, իսկ 2016թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, իսկ հոկտեմբերին՝ եւս 1 դեպք:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նորանշանակ նախարարը բավականին սկանդալային հայտարարություն արեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։ Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:
Մեկ օր անց Արցախ կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի մտերիմ ընկերն է Ալթունյանը, նույնպես ստիպված էր անդրադառնալ այս հայտարարությանը:
«Ես չեմ լսել իր խոսքը: Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես Ալթունյան Լեւոնին ճանաչում եմ լավ, նրան համարում եմ բարոյական մարդ, համարում եմ նրան պոտենցիալ կառավարիչ, որը կարող է առողջապահության համակարգում մեծ փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն եւ ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,- ասել էր վարչապետը՝ փորձելով «փրկել» ընկերոջը հանրության զայրույթից եւ քննադատություններից:
Թեեւ Լեւոն Ալթունյանն ու իր մամուլի խոսնակը մի քանի անգամ պարզաբանում տվեցին, որ նախարարը լրիվ այլ բան նկատի ուներ, քննադատությունների ալիքը չէր մարում. ըստ հասարակական լայն շրջանակի եւ մահացածների հարազատների՝ Ալթունյանն այդքանից հետո պետք է միանգամից հրաժարական տար:
Նոյեմբերի 6-ին ուշ երեկոյան Ալթունյանի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնեց, որ նոյեմբերի 8-ին նախարարը պատրաստվում է ընդունել մահացած ծննդկանների հարազատներին:
«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լեւոն Ալթունյանն, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթեւիկ Գասպարյանի եւ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»,- գրել էր Անահիտ Հայթայանը:




























