Հայաստանում առաջիկայում «բժշկական սխալ» եզրույթի վերաբերյալ քննարկումներ կլինեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

«Դուք այս հարցն ուրիշ ձևով կտայիք, եթե տեսնեիք, որ ամբողջ աշխարհում կան եզակի երկրներ, որտեղ սահմանված է այդ եզրույթը: Պետք է նայել շատ ուշադիր, թե իրականում ինչպես է այդ եզրույթն աշխատում: Երբ խոսում ենք բժշկական սխալի մասին, դա մենք խոսում ենք այն սխալի մասին, որ բժիշկն իր նորմալ գործունեության աշխատանքի ընթացքում իրականացնում է մի գործառույթ, որը բերում է վատ արդյունքի, դա կարող է ոչ միայն մահվան դեպք լինել, այլև առողջության կորուստը, շեղումները: Ձևակերպել բժշկական սխալը՝ որպես հատուկ կատարված գործողություն, դա մենք ունենք, դա քրեորեն պատժելի արարք է: Ինչ վերաբերում է եզրույթին, մենք պատրաստվում ենք մեծ քննարկումներ սկսել, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ լրագրողները նաև մասնակից լինեն այդ գործընթացին»,- ասաց նախարարը:

Թե ինչ արդյունք կտան քննարկումները, Սերգեյ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել:

Նշենք, որ Քրեական օրենսգրքում այժմ կա 130-րդ հոդված, որը սահմանում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: