Եթե երկրում կան առաջատար դպրոցներ, ուրեմն պետությունը հզոր է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Դպրոց-կենտրոնների միության եւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ մեր երկրում Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, կարեւորել է նման համաժողովների կազմակերպումը, ինչը նշանակալի դեր կարող է ունենալ փորձի փոխանակման համար: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՀՀ ԱԺ-ի համար առաջնային է կրթական ծրագրերի իրականացումն ու բանիմաց սերունդ կրթող դպրոցների առկայությունը: Այս համատեքստում նա հավելել է. «Բարձրորակ կրթական համակարգ ունենալը մեր ազգի համար կարեւոր է. եթե երկրում կան առաջատար դպրոցներ, ուրեմն պետությունը հզոր է»:

Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ հայ-չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հույս հայտնել, որ համաժողովի անցկացումն առավել կխորացնի հայ-չինական կրթական համագործակցությունը: