Կրթօջախները չջեռուցող տնօրենները կենթարկվեն պատասխանատվության: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որոնց որոշ մանկապարտեզներում ջեռուցման համակարգերը դեռևս միացված չեն:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նա նա իր խոսքւոմ նշել է. «Արդեն մի քանի տարի է` հստակ հայտարարում եմ, որ ջեռուցման սեզոնի մեկնարկ հասկացություն գոյություն չունի: Մեկնարկը տրվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, եթե անգամ դա լինի օգոստոսին: Ըստ այդմ նաև համապատասխան լիազորություններ ենք տվել բոլոր կրթօջախների տնօրեններին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում գործարկեն ջեռուցման համակարգերը: Եվ այս ամենից հետո ուղղակի աններելի է որոշ տնօրենների անպատասխանատու վարքագիծը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները ևս տրամադրված են, ու անհասկանալի է, թե ի՞նչն է նման վարքագծի պատճառը: Փորձում են տնտեսում անե՞լ: Ի վերջո խոսքն այս դեպքում մեր երեխաների առողջությանն է վերաբերում, ու նրանց առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության»:
Տարոն Մարգարյանն ու հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է արձանագրված բոլոր դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրել ու պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թերացել են: Բացի այդ, հանձնարարվել է նաև մշտական հսկողության տակ պահել հարցն ու անմիջապես արձագանքել այդ մասով ստացվող ահազանգերին:




























