Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն է շանակվելու դաշնակցական Հարություն Հարությունյանը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Գեւորգ Ալթունյանին:

Այս առնչությամբ, Հարություն Հարությունյանը facebook-ի իր էջում գրել է. «Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը: Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար»:

Նշենք, որ 2004-2010 թվականներին Հարություն Հարությունյանը զբաղեցրել է Հանրային Հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը: Նա 2011-ից 6 տարի ժամկետով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ:

Գեւորգ Ալթունյանն, ըստ որոշ տեղեկությունների, կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: