Արքայազն Հարրին, բրիտանական գահի ժառանգորդ Չառլզի ու հանգուցյալ արքայադուստր Դիանայի կրտսեր որդին, հայտարարություն է տարածել, որում վրդովմունք է հայտնել ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի նկատմամբ «դատապարտումների ու հետապնդումների» ալիքի կապակցությամբ, դրանով իսկ հաստատելով իրենց սիրային կապի մասին պտտվող լուրերը, փոխանցում է BBC–ն։
Քենսինգթոնյան պալատի հայտարարության մեջ ասվում է, որ դեռ մանուկ հասակից արքայազն Հարին գիտակցում էր իր արտոնյալ դիրքը, այդ թվում մամուլի ուշադությունը, ու դրանով պայմանավորված գերուշադրությունը իր անձնական կյանքի նկատմամբ։
«Նա շատ հազվադեպ էր արձագանքում իր մասին մամուլում շրջանառվող կեղծ տեղեկություններիրն ու փորձում էր մամուլի հետ պահպանել գործնական հարաբերություններ՝ շեշտելով իր աշխատանքն ու կյանքի այն ոլորտները, որոնց հանդեպ անտարբեր չէ,- ասվում է արքայազնի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ,- Սակայն վերջին շաբաթները ցույց են տալիս, որ թույլատրելի սահմանները խախտվել են»։
«Արքայազնի ընկերուհին՝ Մեգան Մարքլը, հայտնվել է թունավոր հետապնդումների ու հարձակումների կենտրոնում։ Դրանցից ոմանք բավականին հրապարակային են՝ համազգային թերթի առաջին էջին տպագրված զրպարտանք, լրագրողական մեկնաբանությունների ռասիստական ենթատեքստը, անթաքույց սեքսիզմ ու ռասիզմ սոցցանցերում» ,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ արքայազն Հարին վախենում է իր ընկերուհու անվտանգության համար ու շատ վշտացած է, որ չի կարող պաշտպանել նրան։




























