Հայաստանում պանրի գների վերջին կտրուկ աճը կապված է կաթի թանկացման հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կրկին հիշեցրել է, գների կարգավորման գործառույթ չունի։ Հանձնաժողովը գների փոփոխությունը դիտարկում է բացառապես իբրեւ մրցակցության սահմանափակման հնարավոր գործողություն եւ բացառապես բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաներում: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը հերթական անգամ անդրադարձել է հարցին եւ ներկայացրել պարզաբանումներ։

Նշվել է, որ պանրի շուկան նախորդ 10 տարիների ուսումնասիրության արդյունքներով երբեւէ բարձր կենտրոնացվածություն չի ունեցել:

Ավելին` բոլորովին վերջերս շուկայի կառուցվածքի ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովը դիմել է պետեկամուտների կոմիտե, որտեղից ստացված տեղեկատվությունը դարձյալ հաստատել է, որ 2010 թվականի առաջին եռամսյակում պանրի արտադրությամբ զբաղվել են 57 տնտեսվարող սուբյեկտ, իսկ երկրորդ եռամսյակում` 78: Այսինքն, ընկերությունների թիվը ավելացել է 21-ով, ինչը ազատ տնտեսական մրցակցության մասին վկայող եւս մեկ փաստարկ է:

78 տնտեսվարող սուբյեկտից բաղկացած շուկայում հակամրցակցային համաձայնությունը, մեղմ ասած, անիրական է: Հատկապես, որ Հանձնաժողովի կատարած դիտանցումները վկայում են, որ պանրի արժեքը փոխվել է ոչ բոլոր վաճառակետերում եւ ոչ հավասար չափով: Օրինակ, հոկտեմբերի 22-ի տվյալներով, «Լոռի» տեսակի պանիրը երեւանյան խոշոր սուպերմարկետներում վաճառվում է 1900-2400 դրամի (5.2- 6.6 դոլար) սահմանում: Նույն տեսակի պանրի առավելագույն արժեքը 2800 դրամ է (7,7 դոլար): Սակայն դա վերաբերում է ամենաբարձր յուղայնությամբ օժտված պանրին:

Այդուհանդերձ, որոշ լրատվամիջոցներում հայտվեցին հրապարակումներ որտեղ պանրի գնի փոփոխությունը մեկնաբանվում էր իբրեւ հակամրցակցային համաձայնություն, իսկ Հանձնաժողովը մեղադրվում էր այդ ենթադրվող հակամրցակցային համաձայնությունը չբացահայտելու համար:

Հաշվի առնելով պանրի` որպես սոցիալական ապրանքատեսակի կարեւորությունը հայ սպառողի համար, Հանձնաժողովն իր կողմից փորձել է պարզել, թե ինչ հիմնավոր պատճառ կա պանրի գնի բարձրացման համար:

Այդ նպատակով Հանձնաժողով են հրավիրվել  պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:
Տնտեսվարողների ներկայացրած պարզաբանման համաձայն, գնի բարձրացման հիմնական գործոնը կաթի մթերման գնի ավելացումն է:

Այսպես, պանրի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները նշում են, որ 1 կիլոգրամ պանրի ստացման համար պահանջվում է միջինը 9 լիտր կաթ (բազային յուղայնությամբ): Կաթը ձեռք է բերվում գյուղացիական տնտեսություններից: Կապված սեզոնայնության գործոնից, կերի գնի բարձրացումից, ինչպես նաեւ կաթի ծավալների կրճատումից՝ գյուղացիական տնտեսությունների կողմից վերջին շրջանում առաջարկվող կաթի գինը ավելացել է: Այսպես, եթե հունիս-հուլիս ամիսներին իրենք 1 լիտր կաթի   դիմաց վճարել են 110 դրամ (30 ցենտ), ապա հոկտեմբերի 15-ից կաթը ձեռք են բերել 145 դրամով (40 ցենտ):

Այսպիսով, տնտեսվարողների բերած հիմնավորումների համաձայն, պանրի գնի փոփոխությունը բացառապես տնտեսական գործոնների ազդեցության հետեւանք է: Իսկ պանրի գների վերահսկողությունը դուրս է Հանձնաժողովի լիազորություններից: