Հայաստանը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ եւ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱՄԷ ներդրումային եւ զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի եւ հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռեւս չի համապատասխանում երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետեւողականորեն աշխատել:

ՀՀ նախագահի այցը ԱՄԷ եւ արդյունավետ հանդիպումները երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ, ըստ Էմիրությունների ներդրումային եւ զարգացման ընկերությունների ներկայացուցիչների, վկայում են երկկողմ քաղաքական կամքի եւ պատրաստակամության մասին` ակտիվացնելու հայ-էմիրաթական հարաբերությունները նաեւ առեւտրատնտեսական ոլորտում: Նրանք վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով եւ պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան եւ տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները:

Հանրապետության նախագահը հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը եւ նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, եւ կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ: