Պետք է իրականացնել մեր այն հայրենակիցների շտապ տարհանումը, ովքեր չեն ցանկանում մնալ Սիրիայում, սակայն նաեւ հնարավորություն չունեն դուրս գալ այնտեղից: Այս մասին նշված է Հայ ազգային Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, որտեղ նրանք անդրադառնում են Սիրիայում եւ հատկապես Հալեպում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայ ազգային Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունները խոր անհանգստությամբ են հետեւում Սիրիայում եւ հատկապես Հալեպում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, որոնք անմիջապես հարվածում  են տեղի հայ գաղութի ֆիզիկական անվտանգությանը, ոչնչացնում տասնյակ տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հայ կրթական, մարզական, բարեսիրական հաստատությունները: Երկու կուսակցությունները մեծապես կարեւորում են Սիրիայում հայ համայնքի շարունակականության խնդիրը՝ իբրեւ Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական գործոն, սակայն միեւնույն ժամանակ չեն կարող հանգիստ հետեւել, թե ահաբեկիչների գործողությունների հետեւանքով ինչպես են զոհվում կամ վիրավորվում մեր հայրենակիցները: 

Ելնելով վերոնշյալից, ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն հայտարարում են.

1. Հալեպի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը պահանջում է ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլեւ ողջ հայության համախմբում, ինչն էլ պետք է հանգեցնի հստակ  քայլերի՝ սիրիահայության փրկության հարցում:

2. Պետք է իրականացնել մեր այն հայրենակիցների շտապ տարհանումը, ովքեր չեն ցանկանում մնալ Սիրիայում, սակայն նաեւ հնարավորություն չունեն դուրս գալ այնտեղից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է մշակի եւ իրականացնի գործնական քայլեր՝ Հայաստան ներգաղթել ցանկացող սիրիահայերի ապրուստի եւ աշխատանքի ապահովման հարցում, որպեսզի վերջիններս չմտածեն այլ երկրներ արտագաղթելու մասին:

4. Անհրաժեշտ է մշակել պետական քաղաքականություն եւ ներգաղթի հայեցակարգ՝ ունենալով հստակ դիրքորոշում՝ ներգաղթել ցանկացող հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու, նրանց կեցության համար անհրաժեշտ բնակարանային եւ այլ կարիքները հոգալու, ինչպես նաեւ՝ հետագայում հասարակությանը ինտեգրելու հարցում»: