Պետք է քաղաքական ուժերի հետ աշխատել միասնական քաղաքական բեւեռ ձեւավորելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանում ձեւավորվի համախոհ կուսակցությունների քաղաքական բեւեռ, դա է այսօրվա հրամայականը:

Նա հրաժարվեց նշել, թե որ կուսակցությունների հետ ցանկություն ունի համագործակցել՝ նշելով. «Ես որեւէ կուսակցության անուն չեմ տա, բայց ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ նստել խոսել, բացի իշխանական ուժից»:

Հարցին, թե ի՞նչ կարող է փոխել քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանի նարավոր վերադարձը, եւ արդյոք կա դրա  անհրաժեշտությունը, Օսկանյանը պատասխանեց, որ քանի դեռ Ծառուկյանը հստակ հայտարարություն չի արել, չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել:

«Իմ քաղաքական թիմը ճանապարհ է անցել Ծառուկյանի հետ, որի համար չի փոշմանել: Մենք խնդիր էինք դրել խաղաղ ճանապարհով երկրում իրավիճակ փոխել: Դա ժողովրդի պահանջն է»,-ասաց նա:

Իսկ Ծառուկյանը կկարողանա այդ քաղաքական բեւեռը ձեւավորելու հարցում լուրջ դերակատարություն ունենալ, հարցին էլ արձագանքեց. «Իհարկե կարող է ունենալ, բայց այլ մեկնաբանություն չեմ անի»: