Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 11-ին, վարույթ է ընդունել ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արկադի Համբարձումյանի ու Սուքիաս Ավետիսյանի վարքագծի վերաբերյալ դիմումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Լյովա Խաչատրյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշեց, որ «Մեդիա եւ Իրավունք» հասարակական կազմակերպության ներկայացրած դիմումը 30 օրվա ընթացքում կուսումնասիրվի եւ կհրավիրվի նոր նիստ, որտեղ կկայացվի որոշում. «Դիմումը չընդունելու պատճառ չկար, ես չեմ կարծում, որ ոչ օբյեկտիվ քննություն կարող է լինել, երբ Սուքիաս Ավետիսյանը հանձնաժողովի անդամ է»:
Լյովա Խաչատրյանը նշեց, որ Հանձնաժողովը կորոշի՝ ինչպիսի պատասխանատվություն կարող են կրել ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորները, առավելագույն պատիժը ԱԺ նիստերին 6 օրով մասնակցելուց զրկելն է:
Նշենք, որ Հայաստանի ԱԺ Էթիկայի հանձնաժողովը խախտել էր ԱԺ կանոնակարգը՝ հանձնաժողովի նախագահ ընտրելով ոչ թե ԲՀԿ-ի ներկայացուցչին, այլ ՀՀԿ-ի, սակայն, այսօր նախագահը փոխվել է եւ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը նախագահել է ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:




























