«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի գխավոր դատախազին, որտեղ բարձրաձայնում է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից «սահմանադրական կարգի խախտմամբ բարեգործությամբ զբաղվելու» մասին: Այս կապակցությամբ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ «ՀՀԿ-ն շարունակում է խախտել ՀՀ  սահմանադրական կարգն, այն  է` անվճար բուժօգնություն, այսինքն`  բարեգործություն  է իրականացնում»:

«Բավական է այցելել նաեւ  այդ  կուսակցության  պաշտոնական կայքը, համոզվելու  համար, որ  ՀՀԿ  հակասահմանադրական  գործունեությունը  կրում  է  զանգվածային  բնույթ:

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ այս օրինախախտման, այդ թվում, նրա գործադիր  մարմնի անդամների` ՀՀ  վարչապետի եւ  ՀՀ նախագահի աշխատակազմի  ղեկավարի վերաբերյալ մեր հաղորդումների կապակցությամբ, Հատուկ քննչական  ծառայությունը հրաժարվում է  որեւէ որոշում ընդունել: Ի դեպ, ՀՔԾ-ն հրաժարվում է  որոշում  ընդունել նաեւ Ոսկեվազի գինու գործարանի սեփականատեր  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին առնչվող մեր հաղորդման մասին:  

ՀՔԾ այդ անգործության մասին այսօր դիմել  ենք ՀՀ գլխավոր դատախազին, իսկ ՀՀԿ  հակասահմանադրական  գործունեության մասին Հայաստանի պառլամենտարիզմի  կենտրոնն առաջարկություն է ներկայացրել  Հանրային  խորհուրդ»: