Որքան հաճելի էր Ազգային ժողովի նոր օվալաձեւ դահլիճի արտաքին տեսքը, նույնքան տհաճ է այն պայմանները, որում պետք է աշխատեն այդ դահլիճում լրագրողներն ու անգամ պատգամավորները: Այսօր` նոր դահլիճում մեկնարկած ԱԺ հերթական քառօրյան ցույց տվեց, որ նոր դահլիճը լուրջ անհարմարություններ է ստեղծել լրագրողների ու պատգամավորների համար:
Նախ պարզ դարձավ, որ լրագրողների համար նախատեսված սենյակի եւ ԱԺ նիստերի դահլիճի միջեւ առկա ապակե պատը թույլ չի տալիս նորմալ լուսանկարներ անել: Դա նաեւ թույլ չի տալիս լրագրող-պատգամավոր անմիջական կապ ապահովել: Բացի այդ, լրագրողների համար նախատեսված սենյակում ձայնագրելու համար լրագրողը ստիպված է վերկենալ տեղից եւ մոտենալ պատին ամրացված բարձրախոսներին կամ մի քանի ժամ շարունակ դիկտոֆոնը օդում պարզել: Դրան գումարվում է նաեւ այն, որ լրագրողների թույլ չեն տալիս մոտենալ դահլիճից առանձնացնող ապակուն, իսկ առանց դրա տեսանելի է միայն դահլիճի նախագահությունը:
Լրագրողներն այս խնդիրների կապակցությամբ հանդիպել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հետ եւ նրան փոխանցել իրենց դժգոհությունը: Վերջինս խոստացել է բոլոր դժգոհությունները փոխանցել ԱԺ նախագահին եւ ինչ-որ կերպ լուծում գտնել այդ խնդիրներին:
Փոխարենը Գ. Ղարիբջանյանը բարձրացրել է լրագրողների հագուկապի` (dress code) խնդիրը:
Դժգոհություններ են ունեցել նաեւ պատգամավորները, քանի որ նրանցից մի քանիսի խոսափողները չի աշխատել, քվեարկության հետ կապված խնդիրներ են առաջացել: Խաչիկ Մանուկյանի համակարգիչն ընդհանրապես չի աշխատել: Հովիկ Աբրահամյանն էլ փոխանակ ասի, որ անհարմարությունները կշտկվեն, հանդիմանել է պատգամավորներին, թե ««Կես ժամ շուտ գայիք, մարզվեիք»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























