Պերուի մայրաքաղաք Լիմայում անցնում է Ասիական խաղաղօվկիանոսյան համագործակցության գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստը, պետությունների առաջնորդները շփվում են աշխատանքային նախաճաշի շուրջ, ազատ բանավեճի ձեւաչափով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մինչ այդ առաջնորդները հանդիպել էին Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդի հետ, նրա հետ քննարկելով Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՀ գործունեությանը վերաբերող հարցեր։
Առաջին նիստի ավարտից հետո կկայանա լուսանկարվելու արարողությունը, իսկ հետո՝ երկրորդ նիստը։ Դրա արդյունքներով առաջնորդները ամփոփիչ հռչակագիր կընդունեն, որում կարտացոլվեն համագործակցության զարգացմանը երկրների համաձայնեցված մոտեցումները։ Նաեւ գնահատական կտրվի տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսական իրավիճակին։
Գագաթնաժողովի վերջում ֆորումում նախագահության գործառույթները կփոխանցվեն Վիետնամին։
Ասիական Խաղաղօվկիանոսյան համագործակցությունը ֆորում է, որը ստեղծվել է տարածաշրջանում տնտեսական աճին, համագործակցությանը, առեւտրին ու ներդրումներին աջակցելու համար։ Ֆորումը ստեղծվել է 1989-ին, հիմա այն ներառում է տարածաշրջանի 21 երկրների։




























