Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում «Նոր ուժերի շարժում» է հիմնում, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»–ը։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նոր քաղաքական շարժման համար հավաքվել են նախաձեռնողական խմբերի մոտ 100 ներկայացուցիչներ։
«Թեպետ մեր հանդիպումն ընթանում էր Ազգային անվտանգության ծառայության հսկողության տակ, բոլոր ներկաների մոտ այն զգացողությունն էր, որ մենք ինչ–որ նոր եւ կարեւոր բան ենք ստեղծում, իսկ հին քաղաքական կլանները չեն կարող մեզ կանգնեցնել։ Մենք Ուկրաինայի բոլոր մարզերում աշխատանքային մեկնարկ ենք տվել։ Մենք միասին որոշել ենք, որ մենք «Նոր ուժերի շարժում» ենք։ Չէ՞ որ հենց «շարժում» բառն է արտահայտում այն ամենը, ինչ մենք անում ենք, այն փոփոխության խորհրդանիշն է»,– գրել է Սահակաշվիլին։
Ակտիվիստների եւ շարժման կողմնակիցների հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 27–ին։




























