ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր չէ մշտապես քննադատել իր փոխարինողին, բայց իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել, եթե Դոնալդ Թրամփը կամ նրա քաղաքականությունը խախտեն որոշակի «արժեքներ կամ իդեալներ», գրում է Independent–ը։
«Որպես ԱՄՆ քաղաքացի, որը մտահոգվում է մեր երկրի մասին, երբ արժեքների կամ իդեալների մասին հարցեր առաջանան, կամ երբ ես համարեմ, որ դրանց պաշտպանությունն անհրաժեշտ է ինձ, ես կդիտարկեմ այդ հնարավորությունը, երբ այդ մասին խոսք գնա»,– ասել է Օբաման։
Պարբերականը գրում է, որ Օբաման ենթադրում է, որ իր լիազորությունների ավարտից հետո ինքը հավատարիմ կմնա նախկին նախագահների քաղաքականությանը՝ լուռ մի կողմ քաշվելով, որպեսզի նոր նախագահը կարողանա հանգիստ կառավարել երկիրը։ Ավելի վաղ Օբաման բերել էր նախկին նախագահ Ջորջ Բուշի օրինակը, որը չէր կարող ավելի բարեհամբույր լինել իր հանդեպ, երբ ինքը ստանձնում էր նախագահի պաշտոնը։ Օբաման նշել է, որ կուզեր Թրամփին նման շանս տալ։
Գործող նախագահը չի հայտնել, թե կարող է արդյոք խախտել լռությունը։ Այդուհանդերձ նշել է, որ մշտական քննադատությունը իր նպատակը չէ։




























