Բրիտանական Լորդերի պալատը Քննչական լիազորությունների մասին օրենք է ընդունել, որը հայտնի է նաեւ Snooper's charter անունով: Օրինագիծը ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին աննախադեպ լիազորություններով է օժտում՝ քաղաքացիներին հետեւելու համար:

Financial Times-ի աղբյուրների պնդմամբ՝ օրենքի նախագիծը ներկայացվել է դեռեւս 2012 թվականին, Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա ՆԳ նախարար, գործող վարչապետ Թերեզա Մեյի կողմից: Այն օրենքի ուժ կստանա նոյեմբերի վերջից:

Օրենքը ինտերնետ-պրովայդերերին, բջջային կապի օպերատորներին եւ ծրագրային ապահովման մատակարարներին պարտավորեցնում է մեկ տարի շարունակ պահպանել հաճախորդների բջջային ակտիվության մասին տեղեկությունները: Հատուկ ծառայությունների եւ կառավարական կազմակերպությունների համար այդ տվյալները հասանելի կլինեն:

Բացի այդ, հատուկ ծառայություններն իրավունք կունենան ուղղակիորեն կոտրել քաղաքացիների համակարգիչներն ու այլ սարքերը, սակայն համապատասխան թույլտվության առկայության դեպքում, որը կտրամադրի հատուկ մարմինը՝ կազմված կառավարության կողմից նշանակված հանձնակատարից եւ անկախ դատավորներից:

Օրինագծի ընդունման դեմ ի սկզբանե հանդես էին գալիս իրավաբաններ, գիտնականներ, հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Apple-ը, Google-ը, Microsoft-ը, Facebook-ը եւ Twitter-ը:

Մեծ Բրիտանիայի Ժուռնալիստների միության նախագահ Միշել Սեյնսթրիթն իր հերթին օրենքը ժողովրդավարական սկզբունքներին հակասող է ճանաչել: