ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին մտադիր է առաջադրվել ՀՀԿ-ի տարածքային ցուցակով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ոչ թե ՀՀԿ համամասնական ցուցակում կլինի, այլ տարածքային ցուցակում, եւ համապատասխան քանակով քվե հավաքելու պարագայում կարող է մտնել խորհրդարան։ Նշվում է, որ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ի հովանավորությամբ խորհրդարան մտնելու երաշխիքը ստացել է հոկտեմբերի 2-ին Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանին սատարելու դիմաց։
NEWS.am-ի հարցին՝ արդյոք ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հայտարարությունը չի փոխել իր ծրագրերը, առավել եւս, որ Մարտուն Գրիգորյանը կուսակցությունը լքելու հիմնավորումը ժամանակին պայմանավորում էր Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալով, պատգամավորն արձագանքեց․ «Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանի ասած քաղաքական էջը բացված չէ, ուստի կենտրոնանալ այդ հայտարարության վրա ու վերլուծություն անել, ճիշտ չէ»։
«Բոլորն էլ գիտեն իմ հնարավորությունները Գյումրի քաղաքում, կուզենային ու կպատկերացնեին ինձ իրենց ցուցակում, ուրիշ բան է, թե կոնկրետ մենք, մեր թիմը ինչ որոշում կկայացնենք, իսկ մեր որոշման հետ կապված առաջիկայում կտեղեկացնեմ։ Մեր որոշումը Ծառուկյանի գալով պայմանավորված չէ, ընդհանուր իրավիճակով, մեր թիմով է պայմանավորված»,-ասել է պատգամավորը։




























