Ստրասբուրգում եւ Մարսելում իրականացված հատուկ գործողության արդյունքում նոր ահաբեկչություն է կանխվել: RFI-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը: Երկու քաղաքներում ընդհանուր առմամբ 7 մարդ է ձերբակալվել:
Ձերբակալվածները 29-37 տարեկան են, Ֆրանսիայի, Մարոկկոյի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Նրանցից 6-ի մասին ֆրանսիական հատուկ ծառայությունները ոչ մի տեղեկություն չեն ունեցել: Հատուկ գործողությունն իրականացվել է դեռեւս ութ ամիս առաջ դատախազության հակաահաբեկչական բաժնի հարուցած գործի հետաքննության շրջանակում:
Այս գործի շրջանակում ձերբակալությունների առաջին շարքը տեղի է ունեցել հունիսի 14-ին, Եվրո-2016-ի մեկնարկից մի քանի օր անց:
Տարեսկզբից Ֆրանսիայում ընդհանուր առմամբ 418 մարդ է ձերբակալվել՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի կասկածանքով:




























