Մեկ ոստիկան է սպանվել Թեքսասում, մեկ այլ ոստիկան վիրավորվել Միսուրիում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ երրորդ ոստիկանն էլ նույնատիպ հանգամանքներում վիրավորվել է Ֆլորիդայում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Առաջին ոստիկանը՝ 50-ամյա Բենջամին Մարկոնին մահացու վիրավորում էր ստացել, երբ կանգնեցրել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողին։ Հանցագործը կանգնեցրել է իր մեքենան ոստիկանական մեքենայի հետեւում, մոտեցել ու կրակել սպայի վրա, որը նրան ուզում էր տուգանել։ Հանցագործը նախ կրակել է ոստիկանի գլխին, հետո մի  անգամ էլ է կրակել, նստել մեքենան ու հեռացել։

Մի քանի ժամ հետո Սենթ Լուիսում կրակել են 46-ամյա սերժանտի վրա, կրակել են խաչմերուկում ոստիկանական մեքենայի մոտ կանգնած ավտոմեքենայից։ Ավելի ուշ կասկածյալը սպանվել է փոխհրաձգության ընթացքում, երբ ոստիկանները նկատել են նրա մեքենան։

Իսկ երրորդ ոստիկանի վրա կրակել են Ֆլորիդայում՝Սանիբել կղզում, բայց բարեբախտաբար նա լրջորեն չի տուժել։

Այս դեպքերը տեղի են ունեցել ԱՄՆ-ում իրավապահների դերի մասին ակտիվ քննարկումների ֆոնին։

Դալասում հինգ ոստիկան էր սպանվել հուլիսին, երբ ԱՄՆ զինված ուժերի սեւամորթ վետերանը աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանների բռնոթյունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ կրակ է բացել։ Մի քանի օր հետո զինված հանցագործը սպանել էր երեք ու վիրավորել չորս ոստիկանի Բաթոն Ռուժում։

Ընդհանոր առմամբ 57 ամերիկացի ոստիկան է սպանվել այս տարի, ինչը 68 տոկսով շատ է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ։