Եվրոպայում ՀՀՊ ամերիկյան համակարգի տեղակայմանն ի պատասխան՝ Ռուսաստանը ստիպված է լինելու ուժեղացնել օդատիեզերական պաշտպանության համակարգը արեւմտյան ուղղությամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ֆեդերացիայի խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը։
«Այդ ուժեղացումը ներառում է «Ս 400» ու «Իսկանդեր» համալիրների տեղակայում Կալինինգրադում ու նոր կազմավորումների ստեղծում Արեւմտյան ու Հարավային ռազմական օկրուգներում»,- ասել է սենատորը։
Նա նշել է, որ Ռուսաստանը Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տեղակայման կապակցությամբ մտահոգություն էր հայտնել, որ ստեղծված ենթակառուցվածքը կարող է կարճ ժամանակներում վերասարքավորվել հարվածային սպառազինումների, մասնավորապես ցամաքային տեղակայման թեւավոր հրթիռների տեղակայման համար։ «Այսօր այդ մտավախությունները հաստատվում են»,- հայտնել է Օզերովը։
«Մենք չենք թաքցնում, որ մենք կատարելագործելու ենք նաեւ ռազմաօդային ուժերը, մշակում ենք «ցամաք-օդ», նաեւ «օդ- ցամաք» տեսակի հրթիռների նոր, ժամանակակից տեսակներ, որոնք ունակ կլինեն հաղթահարել օդային պաշտպանությունը, որն ունի ԱՄՆ Եվրոպայում», -նշել է սենատորը։




























