2015-ին աշխարհում 39․8 մլն մարդ է վարակված եղել Մարդու իմունային անբավարարության վիրուսով, իսկ ՁԻԱՀ-ից մահացել է 1․1 մլն մարդ, ասված է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով միավորված ծրագրի զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ զեկույցի՝ 2015-ին ամբողջ աշխարհում ՁԻԱՀ-ից մահացածներից 110 հազարը մինչեւ 15 տարեկան երեխաներ են եղել։ Ընդ որում ՄԻԱՎ վարակակիրներից 1․8 մլն էլ է երեխա։ ՄԻԱՎ-ով վարակվելու հարցում խոցելի են դարձել 15-24 տարեկան կանայք։

Ըստ ՄԱԿ-ի ծրագրի վիճակագրության, 2015-ին ՄԻԱՎ-ով ապրողների միայն 46 տոկոսն է բուժման հնարավորություն ունեցել։ 2016-ին այս ցուցանիշը նկատելիորեն բարելավվել է, հիմա հակառետրովիրուսային թերապիայի հնարավորություն ունեցել է 18․2 մլն մարդ։

Արեւելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում 2010-2015 թթ․ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի քանակը աճել է 57 տոկոսով, ինչը ամենամեծ ցուցանիշն է ամբողջ աշխարհում։