ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացում է տարածել ամբողջ Եվրոպայում Սուրբ ծննդյան տոների շեմին հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին, հայտնում է BBC–ն։

«Արժանահավատ աղբյուրները վկայում են, որ «Իսլամական պետությունը», «Ալ Կաիդան» եւ նրանց ճյուղերը շարունակում են Եվրոպայում ահաբեկչություններ պլանավորել առաջիկա տոնական սեզոնի եւ դրա հետ կապված իրադարձությունների ֆոնին»,– ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգույշ մնալ եւ զգոնություն պահպանել տուրիստական օբյեկտներ այցելելիս, տրանսպորտում, այլ մարդաշատ վայրերում։ «Պետք է զգուշավորություն պահպանել փառատոների, տոնական միջոցառումների, տոնավաճառների ժամանակ»,– ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում հիշատակվում է Բելգիայում, Գերմանիայում եւ Թուրքիայում վերջին տարիներին իրականացրած հարձակումների մասին։ Պետդեպը արժանին է մատուցում Եվրոպայի անվտանգության ծառայությունների ջանքերին՝ ուղղված ահաբեկչությունների կանխմանը, սակայն նշում է, որ նոր հարձակումների պոտենցիալը պահպանվում է Եվրոպայի տարբեր մասերում։