Դոնբասում իրադրության կարգավորման «ճանապարհային քարտեզի» ձեւավորման հարցում կոնսենսուս դեռեւս չկա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ըստ Լավրովի՝ Ուկրաինայի հարցով «նորմանդական ձեւաչափի» անդամ երկրների ղեկավարների օգնականները «մշտական կապի մեջ են»:
«Փորձում են համաձայնեցնել քայլերի հաջորդականությունը՝ հիմնված Բեռլինում առաջնորդների հավանությանն արժանացած անվտանգության ապահովման եւ քաղաքական բարեփոխումների առաջընթացի շուրջ գործողությունների համադրման սկզբունքի վրա, որն ուկրաինական ղեկավարությունը պարտավոր է անել Մինսկի համաձայնություններին համապատասխան»,- նշել է նա:
«Նախագահներն ասացին, որ երբ օգնականները համաձայնեցնեն այդ պայմանավորվածությունները, այդ ժամանակ էլ նախարարներին կհանձնարարվի հավաքվել եւ հավանության արժանացնել դրանք... «Նորմանդական քառյակի» անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը պայմանավորված է «ճանապարհային քարտեզի» առկայությամբ, որը հնարավոր կլինի հաստատել: Նման պայմանավորվածություն, կոնսենսուս առայժմ չկա»,- հավելել է Լավրովը:




























