Ռուսաստանն ուշադիր հետեւում է Ֆրանսիայում նախընտրական արշավին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ֆրանսիայում աջակողմյան ուժերի  փրայմերիզի առաջին փուլում հաղթել է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը։ Երկրորդ փուլում նա հանդիպելու է Ալեն Ժյուպենի հետ։ Ընդ որում, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին երրորդն է եղել եւ դուրս է մնացել նախագահական արշավից։

«Նրանց (Պուտին եւ Սարկոզի) հարաբերությունները հաստատվել էին դեռեւս այն ժամանակ, երբ Պուտինը գլխավորում էր կառավարությունը։ Նրանք շատ ինտենսիվ շփումներ են ունեցել»,– ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ այն ժամանակ դեռ Պուտինի եւ Սարկոզիի միջեւ երկկողմ հարաբերություններ կառուցելու պլանում հետեւողական աշխատանք էր տարվում։

Պեսկովը նաեւ նշել է, որ Կրեմլը մեծ ուշադրությամբ է հետեւում նախընտրական արշավի եւ Ֆրանսիայում փրայմերիզների ընթացքին։