Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին մեղադրել են մեծամտության եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում հովանավորչության մեջ: Reuters-ի փոխանցմամբ՝ նման մեղադրանքներով է հանդես եկել Եվրախորհրդարանի խոշորագույն խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի առաջնորդ Մանֆրեդ Վեբերը՝ մեկնաբանելով Ջոնսոնի կոչերը Թուրքիային թույլ տալ մտնել Եվրամիություն:
«Սա Ջոնսոնի կողմից ամբարտավան սադրանք է՝ մեզ ասել, թե ինչ պետք է անենք»,- ասել է նա:
Անդրադառնալով Ջոնսոնի այն հայտարարություններին, որոնք նա կատարել է Անկարա այցի ընթացքում, Վեբերը հիշեցրել է, որ brexit-ի քարոզարշավի ընթացքում պահպանողականները թռուցիկներ են տարածել, որոնցում պնդում էին, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեպքում միգրանտների հորդ հոսք կլինի: Դրանից հետո Ջոնսոնը Թուրքիայի վարչապետին հավաստիացնում է, որ Բրիտանիան Անկարային կօգնի ԵՄ անդամ դառնալ, վրդովվել է Վեբերը:




























