Ռումինական «Մետեոր Պրես» հրատարակչության կողմից տպագրվել է գերմանացի լրագրող, պատմաբան Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը` Ալեքսանդրա-Կատրինա Չորնեյի թարգմանությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն նոյեմբերի 18-ին ներկայացվեց Ռումինիայի ամենամեծ «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառին:

Միջոցառմանն այդ արժեքավոր աշխատության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ու նրա հետեւանքների մասին խոսեցին պատմաբան Սորին Անտոխին, «Հիստորիա» հանդեսի գլխավոր խմբագիր Յոն Յոնիցան, ռումինահայ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ Ռումինիայում պապական պատվիրակ գերապայծառ Միգուել Մաուրի Բուենդիան:

Գրքում առաջին անգամ ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի գաղտնի արխիվներից հանված նյութեր, իսկ որպես բնաբան զետեղված է Ֆրանցիսկոս պապի՝ հայ նահատակների վերաբերյալ 2014թ. մայիս 8-ին հնչեցրած խոսքերը:

Նոյեմբերի 20-ին «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառում ներկայացվել է նաեւ Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի զավակները» նոր վեպը: Հեղինակի խոսքով, այն «ռումինացիների ինքնության մատյանն է»՝ այնպես, ինչպես «Շշուկների մատյանը»՝ հայերի համար: