Ռուսաստանը որքան հնարավոր է երկար կձգի, որպեսզի չչեղարկի Արեւմուտքի երկրների դեմ պարենային արգելքը, Համռուսական ժողովրդական ճակատի «Գործողությունների ֆորումի» ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է RNS-ը:

«Մենք իսկապես դա գիտակցաբար ենք արել եւ, ըստ էության, ուղիղ ասած, օգտվել ենք այն անհեռատես որոշումներից, որոնք, մեր երկրի դեմ ընդունվել են, այսպես կոչված, մեր գործընկերների կողմից, որոնք պատժամիջոցներ են սահմանել: Իսկ մենք դրանից օգտվեցինք եւ ի պատասխան՝ սահմանափակումներ դրեցինք մեր շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վրա՝ դրանով իսկ երկրի ներսում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության պայմաններ ստեղծելով»,- հայտարարել է Պուտինը:

«Այժմ ես կասեմ միանգամայն անսպասելի, ձեր կարծիքով՝ գուցե քրեական բան՝ սպառողը շահագրգռված է նվազագույն գնով որակյալ ապրանք ստանալու հարցում, հետեւաբար անհրաժեշտ է, որ մենք մրցունակ պայմաններ ստեղծենք: Իսկ սպառողները շատ ավելի մեծաթիվ են, քան արտադրողները… Ես ձեզ հասկանում եմ եւ ձեր ականջին կարող եմ շշնջալ՝ որքան հնարավոր է երկար կձգենք (որպեսզի պարենային արգելքը չչեղարկենք)»,- նշել է նախագահը: