Երեւանի տրանսպորտային ցանցի բարեփոխման վերաբերյալ առաջարկները պատրաստ կլինեն 2017-ի կեսերին։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
Տենդերով արդեն ընտրվել է խորհրդական, որի հետ պայմանագիրը ստորագրման փուլում է։ Ստորագրումից 6 ամիս հետո խորհրդականը պետք է ներկայացնի իր առաջարկները։
Բարեփոխման նպատակն է ուղեւորատար տրասնպորտում վճարման միասնական էլեկտրոնակայի համակարգ ստեղծելը։
«Թե ինչպես է հաշվարկվելու երթեւեկության վճարը՝ կառաջարկի խորհրդականը։ Առայժմ ես կարող եմ իմ անձնական տեսակետը հայտնել։ Գաղափարն այն է, որ վճարը կախված լինի ուղեւորության հեռավորությունից։ Այդ դեպքում նույնիսկ մի քանի փոխադրամիջոցից օգտվելու դեպքում դուք ոչ թե կրկնակի կամ եռակի կվճարեք, այլ այն ընդհանուր տարածության համար, որն անցել եք»,- պարզաբանեց փոխքաղաքապետը։
Այսպիսով, եթե ընդամենը երկու կանգառ եք անցնում, վճարն ավելի ցածր կլինի, իսկ եթե քաղաքի մի ծայրից մյուսը՝ ավելի թանկ։
Տեսականորեն, եթե մեկ կիլոմետրի համար վճարը կազմի 20 դրամ, ապա անցնելով 5-6 կմ, որը երեւանյան չափանիշերով միջին հեռավորություն է, պետք է վճարեք այդ նույն 100 դրամը, ինչ հիմա, կամ էլ մի քիչ շատ։
«Այս թվերը տեսական են, իսկ վերջնականապես մենք կկողմնորոշվենք խորհրդականի ու փոխադրողների առաջարկների արդյունքներով։ Պետական թե մասնավոր՝ տարբերություն չկա։ Մենք ունենք գաղափար, դրա հիման վրա մենք կմշակենք պայմանները։ Ով կուզի ու կկարողանա աշխատել՝ թող աշխատի»,- ասել է փոխքաղաքապետը։
Քաղաքային տրանսպորտում էլեկտրոնային համակարգի ներդրումը կիրականացվի Ասիական Զարգացման բանկի վարկային միջոցներով։




























