Երեւանի քաղաքապետարանը մտադիր է աղբից ստացված բիոգազով աշխատող էլեկտրակայանի կառուցման մրցույթ հայտարարել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Էլեկտրակայանի շինարարությունը մայրաքաղաքը սպասարկող Նուբարաշենի աղբանոցի արդիականացման ծրագրի մի մասն է։ Նոր աղբանոցում, գործողի կողքին, կտեղադրվի պատնեշ ու դրենաժ։ Չեխիայից խորհրդականը, որին Երեւանի քաղաքապետարանն է ընտրել, հանգել է այն եզրակացության, որ աղբանոցում թափոնները բավարար են, դրանցից բիոգազ հավաքելու ու էլեկտրականություն արտադրելու համար։ Այդ առաջարկը ներառվելու է աղբանոցի օպերատորի տենդերին ներկայացվող պահանջների փաթեթում։

Մրցութային փաթեթը ծրագրում են ավարտել մոտ ապագայում, իսկ մրցույթը հայտարարել՝ դեկտեմբերի վերջին, կամ հունվարի սկզբին։ Հաշվի առնելով, որ միջազգային մրցույթները մինչեւ կես տարի են տեւում, իսկ շինարարությունը կարող է մեկ տարուց ավել տեւել, կարելի է հույս ունենալ, որ էլեկտրակայանը կարող է պատրաստ լինել 2018-ին, նկատեց Նիկոյանը։

Նուբարաշենի աղբանոցում արդեն գործում է բիոգազի սարքավորում, որը կառուցել է ճապոնական Shimizu ընկերությունը։ Ճիշտ է, գազն այնտեղ միայն այրվում է, իսկ էլեկտրականություն չի արտադրում։ Բայց ժամանակին այն կառուցել են ապագա գեներատորին միացնելու հնարավորությամբ։

Նուբարաշենի աղբանոցի արդիականացման ծրագրի ֆինանսավորման ընդհանուր չափը կկազմի 24 մլն եվրո, որից 8-ական միլիոնը Եվրոպական վերակառուցման ու զարգացման բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի վարկերն են, իսկ մնացած 8 մլն-ը՝ Եվրոպական հարեւանության ներդրումային քաղաքականության գործիքի դրամաշնորհն է։