Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախարար Անատոլի Շալարուն պետք է բանտարկվի «իրականացրած բոլոր ապօրինությունների համար»: Lenta-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Շալարուն «Ռումինիայի պատմության եւ մշակույթի անհատների» շրջապատում նախարարի բազկաթոռին երկար չի նստի: Իր կատարած բոլոր ապօրինությունների պատճառով նրա տեղը բանտում է: Իսկ այնտեղ վանդակաճաղի պատին նա կտեսնի ռումինացի հերոսներից մեկին՝ Վլադ Ցեպեշային (կոմս Դրակուլա), տեգը ձեռքին: Մեդիտացիա կանի»,- հայտարարել է Դոդոնը:
Նա հավելել է, որ հատկապես ունիոնիստների (Ռումինիայի կազմ Մոլդովայի մտնելու կողմնակիցներ) պատճառով է Մոլդովայի հասարակությունը պառակտված, Քիշնեւին չի հաջողվում լուծել Մերձդնեստրի հարցը: «Շալարուն ունիոնիզմի վուվուզելն է (մոնոտոն ձայն արձակող երկար շվի): Նա վտանգավոր չէ, բայց շատ աղմուկ է ստեղծում»,- ասել է նորընտիր նախագահը:
Մեկ օր առաջ Մոլդովայի պաշտպանության նախարարը հրաժարվել է իր գերատեսչությունում փակցնել երկրի բանակի նոր գերագույն հրամանատարի՝ նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի դիմանկարը:




























