Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին եւ Ալան Միլին:

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով համազեկուցողների այցը Հայաստան՝ ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության եւ փոխգործակցության համար: Արփինե Հովհաննիսյանը ներկացրել է վերջին ամիսներին Արդարադատության նախարարության կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները եւ նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական բարեփոխումներից հետո թեւակոխել է լայնածավալ օրենսդրական բարեփոխումների փուլ, որի առաջին արդյունքը կոնսենսուսով ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունումն էր: 

Նրա խոսքով ՝ փաստաթղթի շուրջ տեղի են ունեցել  տեւական քննարկումներ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասարության սկզբունքով մասնակցությամբ,  Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներգրավվածությամբ եւ աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ու գործարկմանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման գործընթացին, դատաիրավական համակարգի անկախությանը եւ ապօրինի հարստացման քրեականացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: