Առաջիկա երեք ամսում «Ամերիաբանկն» իր 100-ամյակի կապակցությամբ 100 նոր անակնկալ է մատուցելու իր հաճախորդներին։ Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ ավելացնելով, որ նշված ժամանակահատվածում նաեւ վարկային նոր ծառայություն են մատուցելու։ Ըստ նրա՝ ծառայությունը հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ կունենա։ Ջրբաշյանի խոսքով՝ Ամերիաբանկը նոր ծառայությամբ նոր նշաձող կսահմանի Հայաստանի վարկային շուկայում։
Նշենք, որ բանկի 100-ամյա պատմությունն սկսվում է 1910 թվականից։ 1910 թ.-ին Երեւանի Տեր-Ղուկասյան (Վազգեն Սարգսյան) փողոցում, Մեհրաբյանի նախագծած շենքում, բացվել է «Թիֆլիսի կոմերցիոն բանկի» Էրիվանյան մասնաճյուղը, իսկ այժմ այնտեղ գտնվում է Ամերիաբանկի մասնաճյուղը։ 100 տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններից հետո 2007 թվականին արդեն Արմիմպեքսբանկ դարձած բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել T-D-A Holdings Limited ընկերությունը, ինչի արդյունքում բանկը վերանվանվել է «Ամերիաբանկ»։




























