Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ «Նոյյան Տապան» արվեստի պատկերասրահի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Բեյրութում տեղի է ունեցել ՀՀ անկախության 25-ամյակին եւ «Նոյյան Տապան» պատկերասրահի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Քսան տարիներ եւ անդին» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի հիմնադիր Մովսես Հերգելյանը, ով ներկայացրեց պատկերասրահի 20-ամյա գործունեությունը եւ այդ տարիների ընթացքում ՀՀ դեսպանության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Ներկաներին իր շնորհավորական ուղերձը հղեց նաեւ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով, միաժամանակ, կարեւորեց արտերկրում հայրենի մշակույթի ներկայացմանն ու տարածմանն ուղղված պատկերասրահի խրախուսելի առաքելությունը:
Դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ ընդգծեց նաեւ այն փաստը, որ գեղանկարչության ամենատարբեր ուղղությունները ներկայացնող հայ արվեստագետները իրենց ավանդն են ներդնում համաշխարհային արվեստի զարգացման գործում:




























