«Վրաստանի հանրապետությունը ցույց է տվել իր հավատարմությունը արևմտյան արժեքներին»,- գրում է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը The Wall Street Journal-ում տպագրված հոդվածում։ Չորս տարում երկրորդ անգամ՝ անցած ամիս վրացիները քվեարկության միջոցով դրսևորեցին իրենց ժողովրդավարության հիմնավորությունն  ու բազմակարծիք հասարակության կենսունակությունը, նշում է նա։

«Սա հետխորհրդային պետությունների համար գրեթե բացառիկ երևույթ է՝ Վրաստանի հիմնական կուսակցությունները աջակցել են երկրի խորը կապերը Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հետ ու դրա հիման վրա անցկացրել քարոզարշավ, ու նրանք բոլորը կողմ են ԱՄՆ-ի հետ ռազմավարական սերտ հարաբերություններին»,- գրում է հեղինակը։ Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ինձ ու նաև հրապարակավ ասել է, որ այդ գործընթացն անդառնալի է», գրում է Ռամսֆելդը։

Ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն պաշտպանելու համար Վրաստանում այդ հիմնարար ձեռքբերումները ու դրա հետ կապակցվող հույսերը։

«Նախ պետք է վերացվեն ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ճանապարհին առկա խոչընդոտները, ու Վրաստանը պետք է առանց հետագա ձգձգումների ստանա ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը»,- ասվում է հոդվածում։

Պաշտպանության նախկին նախարարը նշում է Վրաստանի հազվագյուտ հեռանկարը այդ բարդ տարածաշրջանում։ Վրաստանն ենթարկվել է սադրիչ գործողությունների Ռուսաստանի կողմից, սահմանակից է Թուրքիային ու հարաբերություններ է հարթում Իրանի հետ։ Ռամսֆելդի կարծիքով դա հնարավորություններ է տալիս հետախուզական տվյալների  փոխանակման ու հակահետախուզության ոլորտում գործողությունների համար; Ռուսական բանակը շարունակում է զբաղեցնել Վրաստանի տարածքի ավելի քան 20 տոկոսը»,- շարունակում է հեղինակը։

«ԱՄՆ-ն պետք է ակտիվացնի իր մասնակցությունը այդ բոլոր խնդիրների կարգավորման շուրջ բանակցություններին ու պատրաստ լինի հետագա միջոցառումներ ձեռնարկելուն»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը նաև  նշում է Վրաստանի նշանակությունը Կասպյան տարածաշրջանից էներգակիրները Եվրոպա փոխադրելու համար ու որպես խոչընդոտ նախկին ԽՍՀՄ երկրներից դեպի Մերձավոր արևելք ջիհադականների տեղաշարժի համար։

«Նրա սևծովյան նավահանգիստները կընդունեն ու կուղարկեն ապրանքներ ու հումք Ասիայից ու Եվրոպայից, կապակցելով ամբողջ եվրասիական մայրցամաքը»,- գրում է Ռամսելդը՝ այդ կապակցությամբ հիշատակելով  Վրաստանի Անակլիում ամերիկյան ընկերության կողմից նավահանգստի կառուցումը։

«Բոլոր այս պատճառներով ԱՄՆ-ն հիմա պետք է քայլեր ձեռնարկի Վրաստանի հետ իր համագործակցությունն ամրապնդելու համար ոչ թե բարեգործական նկատառումներով, այլ որովհետև այնտեղ խաղաքարտի վրա են դրված ԱՄՆ կենսական շահերը»,- նշված է հոդվածում։