Լեհաստանը սպառազինվում է՝ վախենալով ռուսական սպառնալիքից։ Լեհաստանի իշխանությունները հասարակության մեջ բորբոքում են «ռազմատենչ հայրենասիրություն», հաճախ առաջացնելով օտարերկրյա գործընկերների դժգոհությունը, ասվում է Neue Zuercher Zeitung–ի հոդվածում։

Վարշավայի ու Փարիզի տարաձայնությունների դրսեւորումներից մեկը հոկտեմբերի սկզբին է տեղի ունեցել, երբ Լեհաստանի աջ պահպանողական կառավարությունը խզեց ռազմական ուղղաթիռների գնման բազմամիլիարդ պայմանագիրը, գրում է Իոզեֆ Կրոյտորուն։ Ֆրանսիայի դժգոհությունը պայմանավորված էր նախեւառաջ նրանով, որ Caracal ուղղաթիռները, որոնք ուզում էր ձեռք բերել  լեհական բանակը ու որոնց արտադրությունը պետք է սկսվեր Լեհաստանում, կշարունակեին համարվել գերազանցաբար ֆրանսիական արտադրանք։ Caracal-ի փոխարեն լեհերը հիմա կստանան ամերիկյան Sikorsky ընկերության S-70i а ուղղաթիռներ, այդ ընկերությունը 2015-ից սկսած պատկանում է Lockheed-Martin–ին։

Միջադեպը բարդացրել է երկրների միջեւ հարաբերությունները նաեւ որովհետեւ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Լեհաստանում կառավարությունները սիրում են բարձր հայրենասիրական երանգ հաղորդել պաշտպանական հարցերին, ասվում է հոդվածում։

Բայց, ի տարբերություն Ֆրանսիայի, «Լեհաստանում ավելի ուժեղ է ռազմատենչ հայրենասիրություն բորբոքելու միտումը», շեշտում է հեղինակը։ Մասնավորապես 2011-ին այնտեղ հիմնվել է «անիծյալ զինվորների» օր ազգային տոնը՝ նվիրված ընդհատակյա ակտիվիստներին, որոնք կռվել են ռուս օկուպանտների հետ, իսկ ավելի ուշ պայքարել խորհրդային իշխանությունների դեմ։ Լեհական դպրոցներում մարտի 31-ին կազմակերպվում են հանդիսություններ, որոնց ժամանակ աշակերտները ներկայանում են զինվորական համազգեստով ու զենքի մուլյաժներով։  

Լեհական հասարակության ռազմականացման եւս մեկ դրսեւորում են դարձել «միլիթարի շոուները» ու «միլիթարի պիկնիկները», որոնց այցելում են ընտանիքներով։ Ռազմականացված կազմակերպությունները այդ նպատակների համար հատկացնում են իսկական զինատեսակներ։ Նման միջոցառումները Լեհաստանում օրեցօր ավելի ժողովրդական են դառնում։