Կերինի համալսարանի ճապոնացի գիտնականների իրականացրած հետազոտության ընթացքում պարզվել է, որ նախաճաշին պաղպաղակ ուտելը զգալիորեն մեծացնում է  մարդու ուղեղի աշխատունակությունը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Փորձի ընթացքում մասնակիցներն ամեն առավոտ պաղպաղակ են կերել, իսկ դրանից անմիջապես հետո համակարգչով մի քանի թեստ են անցել: Գնահատվել են հետազոտության մասնակիցների արձագանքման արագությունը եւ վերլուծական ունակությունները:

Հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Եսիհիկո Կոգոիի խոսքով՝ այսպիսի նախաճաշը հանգեցրել է մասնակիցների ուղեղում ալֆա ալիքների կտրուկ խթանման: Այդ ալիքները կապված են հոգեկան նվազ գրգռման եւ մեծ զգուշավորության հետ:

Գիտնականները նշել են, որ հարցն ամենեւին այդ մթերքը չէ, այլ այն, որ մթերքը սառն է: Պաղպաղակը կարող է մարդու ուղեղն արագ հանել քնած վիճակից: Ըստ որում՝ ուրիշ սառը մթերքից այդպիսի արդյունք չի նկատվել: