Ամեն տարի նոյեմբերի վերջին աշխարհի շատ երկրներում մեկ օրով հրաժարվում են ցանկացած գնումներից, հիշեցնելով այն մասին, որ չափազանց մեծ սպառումը վտանգավոր հասարակական միտում է։ Գնումներից հրաժարվելու օրը (Buy Nothing Day) Հյուսիսային Ամերիկայում նշում են Երախտագիտության օրվան հաջորդող առաջին ուրբաթ, այսինքն ամբողջ աշխարհում սուրբծննդյան զեղչերի մեկնարկի ժամանակ։

Այս օրը խանութները ստանում են իրենց տարեկան հասույթի 20-50 տոկոսը, իսկ առեւտրի կենտրոններում այնպիսի հերթեր են, որ հրմշտոցի հետեւանքով մարդիկ են մահանում։ Նոյեմբերի այդ ուրբաթը «սեւ ուրբաթ» են անվանում։ Հենց այդ օրն են հասարակական ակտիվիստները խորհուրդ տալիս հնարավորինս սթափ վերաբերվել իրենց գնումներին ու հնարավորինս կշռադատել դրանք։

Որպես փաստարկ ակտիվիստները նշում են, որ ամենաբարձր կենսամակարդակով երկրներում ապրում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը, մինչդեռ նրանք օգտագործում են բնական ռեսուրսների ավելի քան 80 տոկոսը, ինչը վկայում է մեր մոլորակի հարստությունների անհավասարաչափ բաշխման մասին։ 2001-ին այդ ակցիան համաշխարհային ծավալներ է ձեռք բերել։ Մեքսիկայից, Կանադայից, ու ԱՄՆ-ից բացի գնումներից հրաժարվելու օրվան միացել էին եւս 55 երկրներ։ Հիմա այդ երկրների թիվն ավելացել է եւս 10-ով։

Այս ակցիայի պայմանները շատ հասարակ են՝ 24 ժամվա ընթացքում պետք է հրաժարվել ցանկացած գնումներից։ Բացի դրանից ակտիվիստները ակցիաներ են անցկացնում «Հանուն աշխարհի խաղաղության ոչինչ մի գնի՛ր» կարգախոսով։