Դոնալդ Թրամփն իր ընտրողներին խոստացել էր քաղաքական կուրսի արմատական փոփոխություն, ինչի շնորհիվ էլ հենց ԱՄՆ նախագահ է ընտրվել։ Բայց իր հաղթանակից հետո Թրամփը իր մի շարք արտահայտություններ կասկածի տակ է դրել։ Գերմանական Stern ամսագիրը ներկայացնում է այդ խոստումների ցանկը։

Եվ այսպես, Թրամփի նախընտրական խոստումներից էր բանտ նստեցնել իր մրցակից Հիլարի Քլինթոնին, որին նա մեղադրել էր կոռուպցիայի մեջ։ Բայց վերջերս CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը շատ ավելի հաշտվողական երանգով էր խոսում Թրամփի մասին։ «Նրանք լավ մարդիկ են։ Ես նրանց վնաս չեմ ուզում պատճառել»,- ասել է նա՝ հավելելով, որ Քլինթոնը «վատ բաներ է արել», բայց ինքը նրա դեմ հետաքննություն սկսելու ոչ մի ցանկություն չունի, դրա փոխարեն ինքն ուզում է «դեպի առաջ նայել»։

Թրամփի կասկածի տակ դրված երկրորդ խոստումը նույնասեռականների ամուսնությունների արգելքն է, որոնց դեմ նա հաճախ է արտահայտվել անցյալում։ Բայց հաղթանակից հետո CBS–ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ նույնասեռականների ամուսնություններին ինքը նորմալ է վերաբերվում։ Նա շեշտել է, որ այս թեման իր համար փակ է ու այլեւս կարեւոր չէ, քանի որ արդեն մինչեւ իր գալը լուծված է եղել։

Որպես թեկնածու Թրամփը խոստացել էր նաեւ չեղարկել առողջապահության բարեփոխումը, որը նա «աղետալի» է անվանել։ Բայց այդ նույն հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ ուզում է մասամբ պահպանել այդ բարեփոխումը։ The Wall Street Journal -ին տված հարցազրույցում էլ հավելել է, որ «գուցե կբարելավի բարեփոխումը եւ ամբողջովին չի չեղարկի այն»։

Թրամփի հաջորդ գլխավորպահանջը «Մեքսիկայի հետ սահմանին հսկայական պատ կառուցելն էր»։ Բայց այս հարցում էլ Թրամփը հրաժարվել է իր նախնական ծրագրերից։ Նա ասել է, որ պատը «չի կառուցվի 3200 կմ ձգվող սահմանի ամբողջ երկայնքով։ Ավելին, որոշ հատվածներ պահպանվելու են պատնեշներով»։ Բայց բանն այն է, որ արդեն հիմա ԱՄՆ ու Մեքսիկայի միջեւ սահմանին հարյուրավոր կիլոմետրերով պատնեշներ կան, նշում է պարբերականը։