Նոյեմբերի 26-ին նշվում է Կոշկակարի միջազգային օրը՝ կոշիկի դիզայնով, կարով կամ վերանորոգմամբ զբաղված վարպետների մասնագիտական տոնը, հայտնում է Informing–ը։
Կոշիկ կարելն ու վերանորոգելը շատ հին արհեստ է, ու ի սկզբանե կոշկակարի աշխատանքը բացառապես ձեռքի գործ է եղել, ընդ որում ոչ հեշտ։ Չէ որ կոշկակարները ստիպված են եղել ձեռքով կարել բոլոր տեսակի կոշիկները՝ հողաթափերից սկսած մինչեւ երկարաճիտ կոշիկներ։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ այդ մասնագիտությունը ամենապահանջվածներից էր համարվում։ Իսկ արհեստավարժ կոշկակարները, որոնց աշխատանքները գրեթե արվեստի գործեր էին համարվում, առհասարակ «ոսկու գին» են ունեցել։ Տարիների ընթացքում շատ արհեստներ անցել են մեխանիզացման ու արդյունաբերականացման փուլերով, կոշկակարությունն էլ բացառություն չէ։ Այսօր գոյություն ունի կոշիկի արդյունաբերություն, որը զբաղված է տարբեր նշանակության կոշիկների, դրա համար աքսեսուարների արտադրությամբ, եւ նպատակ ունի բավարարել բնակչության բոլոր խավերի պահանջները։ Կոշիկ արտադրող ընկերությունները թողարկում են կոշիկի բազմազան արտադրատեսակներ՝ ամենատարբեր նյութերից՝ կաշվից, փայտից, ռեզինից, պլաստիկից, կտորից եւ այլն։




























