Շուրջ 200 երկրներից 2.5 մլն մարդու մասնակցությամբ անցկացված լայնածավալ փորձը ցույց է տվել, որ մոլորակի հյուսիսային շրջաններում բնակվող մարդիկ ավելի լավ են կողմնորոշվում տարածությունում: Այս մասին հաղորդում է Planet-today-ը:

Խոսքը, մասնավորապես, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ Դանիայի բնակիչների մասին է, որոնք, ինչպես պարզվել է մասնագիտացված համակարգչային խաղի օգնությամբ, անհասկանալի կերպով կարողանում են զգալ շարժման ուղղությունը:

Հետազոտությունը նախապես ծրագրվել է այլ նպատակներով. այն պետք է տարիքային նյարդադեգեներացիոն հիվանդությունների ախտորոշման նոր գործոններ բացահայտեր: Այս ոլորտում նույնպես նոր բացահայտումներ են արվել. պարզվել է, որ տարածությունում կողմնորոշվելու ունակությունն օրգանիզմի ծերացմանը զուգահեռ զգալիորեն վատթարանում է:

Բացի այդ՝ հետազոտությանը մասնակցած տղամարդիկ, որպես կանոն, կանանցից ավելի լավ արդյունքներ են ցուցադրել: