Նոյեմբերի 21-ից 24-ը Վիեննայում կայացան ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO-ՄԱԱԶԿ) 50-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաեւ Արդյունաբերական զարգացման խորհրդի 44-րդ նստաշրջանը, որոնց մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Տաիզո Նիշիկավայի, Ծրագրերի իրականացման եւ տեխնիկական համագործակցության գծով տնօրեն Ֆիլիպ Շոլտեսի, կազմակերպության այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին Հայաստանում ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հետագա համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հանդիպումների ընթացքում հայկական կողմը կարեւորեց կազմակերպության հետ համագործակցության խորացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը: Իրենց հերթին՝ ՄԱԿ Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչները գոհունակություն հայտնեցին արդյունաբերական, բնապահպանական եւ այլ ծրագրերի բարեհաջող իրականացմամբ եւ ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող տեւական աջակցության կապակցությամբ:

50-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում նոյեմբերի 22-ին անցկացվեց «Ստեղծագործական շոու. Հին ավանդույթների նոր պատմություններ» խորագրով միջոցառումը, որին ներկայացվեց ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման եւ շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի տեխնիկական աջակցությամբ եւ 8 հայկական կազմակերպությունների համատեղ ուժերով ստեղծած «5900BC» ապրանքանիշի նոր հավաքածուն:

Հայաստանում իրականացված ծրագիրն ընտրվել էր բազմաթիվ այլ ծրագրերից՝ որպես օրինակելի եւ լավագույնս հաջողված ծրագրերից մեկը:

Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունը եւ Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Բանախոսներն իրենց ելույթներում շնորհավորեցին ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությանը (UNIDO) 50-ամյակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեցին ՌԴ կառավարությանը՝ ծրագրին ֆինասական աջակցություն ցուցաբերելու եւ ՄԱԿ-ի Արդյունաբերական կազմակերպությանը՝ ծրագիրն իրականացնելու համար:

Միջոցառումների մշակութային հատվածում Հայաստանը ներկայացնող հայտնի դաշնակահարուհի Նարե Աղրամանյանը հանդես եկավ Արամ Խաչատուրյանի, Կոմիտասի, Արնո Բաբաջանյանի եւ Վիգ Ցարթմանի ստեղծագործությունների կատարումներով: