Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում, այսօր՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Նիգերի արտաքին գործերի, համագործակցության, աֆրիկյան ինտեգրման եւ արտասահմանի նիգերցիների հարցերով նախարար Իբրահիմ Յակուբայի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցության շրջանակը, եւ այս առումով կարեւորեց միջազգային կառույցների ընձեռած հնարավորությունները՝ բազմաթիվ հանդիպումներ ունենալու եւ հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից։
Նիգերի արտգործնախարարն ընդգծեց, որ իր երկրում ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին, եւ ինքը ուրախ է Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկել փոխգործակցության հաստատման եւ զարգացման հարցերը։
Կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները:
Իբրահիմ Յակուբան ներկայացրեց Արեւմտյան Աֆրիկայի տարածաշրջանում Բոկո Հարամ եւ այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։
Հանդիպման ավարտին արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։




























