«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչն ու Հասարակություն եւ Ժողովրդավարություն ասոցիացիայի նախագահ Բայբարս Օրսեքը վաղը՝ հոկտեմբերի 28-ին Երեւանում կայանալիք կոնֆերանսը փորձել են կազմակերպել Թուրքիայից. կարծում եմ՝ դա նրանց չի հաջողվի, որովհետեւ հյուրանոցը, որտեղ պետք է կայանար կոնֆերանսը, նրանք փոխել են, հիմա ինչ-որ բաներ չեն ստացվում եւ այլն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ով, իր իսկ խոսքով, հանդես է գալիս որպես կոնֆերանսի աջակից։

«Հյորանոցը փոխեցին, հիմա «Գոլդեն թուլիփում» էլ չի ստացվում։ Վախենում եմ, որ կոնֆերանսն ընդհանրապես չկայանա, ձախողվի։ Ես կազմակերպիչը չեմ, պարզապես նրանց հետ համագործակցում եմ։ Հնարավոր է՝ միջոցառումը տեղափոխվի հաջորդ շաբաթվա վրա։ 3 օր առաջ նրանք ասացին, որ ուզում են շտապ կոֆերանս կազմակերպել, աղմուկ բարձրացրեցին։ Բայց հենց նոր նրանք ինձ էլեկտրոնային նամակ ուղարկեցին, ուր ասված է, որ միջոցառումը «Գոլդեն թյուլիփում» չի լինելու։ Չգիտեմ՝ նրանք ինչպե՞ս պետք է հասցնեն։ Ստամբուլից ո՞նց կարելի է նման միջոցառում կազմակերպել։ Նրանք դեռ Հայաստանում չեն։ Կարող եմ ասել, որ համարյա հստակ՝ 100 տոկոսով այդ կոնֆերանսը չի կայանա»,- համոզմունք հայտնեց Գրիգորյանը։

Նշենք, որ Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչն ու Հասարակություն եւ Ժողովրդավարություն ասոցիացիայի նախագահ Բայբարս Օրսեքը հոկտեմբերի 28-ին նախատեսել էին Երեւանում կոնֆերանս կազմակերպել: Այն պետք է կրեր «Բացեք սահմանները` հանուն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընդհանուր ապագայի» խորագիրը: