Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 1-ին, ժամը 11:30-ին կբացվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երեւան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցույթային փաթեթները:
Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտում է, որ մրցույթը բաց է, եւ հայտերի բացմանը կարող են մասնակցել նշված ծրագրով հետաքրքրված բոլոր շահագրգիռ անձինք կամ կազմակերպությունները, զանգվածային լրատվական միջոցները:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանպորտի եւ կապի նախարարությունը Երեւան-Աշտարակ 11.71 կմ ճանապարհահատվածի վերակառուցման վերաբերյալ միջազգային բաց մրցույթը հայտարարել է սեպտեմբերի 18-ին: Կապալառուն պետք է վերակառուցի ծածկը, բարելավի ջրահեռացումը, կողնակները եւ ճանապարհի անվտանգությունը, վերանորոգի Երեւան-Աշտարակ ճանապարհի առկա կառույցները: Նախատեսվող աշխատանքները համատեղ կֆինանսավորվեն Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ եւ Հայաստանի Հանրապետության կողմից:




























