Ինդոնեզական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը Ջակարտայի արեւելյան արվարձանում կալանավորել է երեք ենթադրյալ ահաբեկիչների, որոնք պայթյուն էին ծրագրում նախագահական պալատի մոտ։ Այս մասին հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Տադեն Պրաբովո Արգո Յուվոնոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նրանք ծրագրում էին ռումբը պայթեցնել դեկտեմբերի 11-ին նախագահական պալատի մոտ՝ նախագահի պահակազորի հերթափոխի արարողության ժամանակ»,- մեջբերում է նրան Jakarta Post պարբերականը։

Ինդոնեզիայի նախագահի նստավայրը բաց է հանրության համար, ցանկացողները կարող են ամեն ամսվա երկրորդ կիրակին տեսնել պահակազորի հերթափոխի արարողությունը։

Ոոստիկանների խոսքով, կալանավորվածները ռումբը լցոնել էին երեք կիլոգրամ ՏԱՏՐ հզոր պայթուցիկով։ Եթե ռումբը պայթեր, այն կարող էր ոչնչացնել ամեն ինչ 300 մետր շառավղով, հավելել է Յուվոնոն։

Ազգային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ավի Սետիյոնոն նշել է, որ բոլոր կալանավորվածները կապակցված էին ԻՊ-ի հետ։